Խաղողագործներ. Հնարավորություն տվեք, որ մեր երկրում աշխատենք
«Ժողովրդին խաբում են, ժողովուրդը հո էշ չի˚։ 82 տարեկան կին եմ, ամեն օր 4 կմ ոտքով գնում եմ այգի, 4 կմ ոտքով հետ եմ գալիս, հող եմ մշակում, որ ձմեռը հացի փող չհավաքեմ, մթերում են ցածր գնով, մթերած խաղողի փողն էլ չեն տալիս, ես մեծ կին եմ, ինչքա˚ն եմ ապրելու»,- հարց ուղղեց արմավիրցի խաղողագործ մի կին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ երեկ խաղողի մթերման գնից դժգոհ արմավիրցիները, արարատցիները փակել էին կարևոր նշանակության ճանապարհներ։
Մարզպետի հետ հանդիպմանը գյուղացիները պնդում են՝ խաղողի գինը պետք է առաջարկի վաճառողը, ոչ թե գնողը։ Գյուղացիները պնդում են, որ վրացիներին չեն թողնում Հայաստան գալ ու այստեղից խաղող արտահանել, իսկ եթե թողնեին խաղողի գինը կաճեր։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ առումով որևէ սահմանափակում չկա»,-հայտարարեց գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։
Դրա վերաբերյալ գյուղացիները կասկած հայտնեցին։
«Տռասով եկաք, տեսաք, որ լրիվ անմշակ հողամասեր են, թողեք վրացին տանի, ամեն գյուղացին իր այգին առնվազն մեկ հեկտարով կավելացնի, սաղս կոպեկի կռիվ ենք տալիս, ես խաղողագործ եմ, առաջին դասարանից երեխեքս ինձ հետ այգի են մշակում։ Հիմա ասում են՝ բերեք 140 դրամով ընդունենք։ Հնարավորություն տվեք, որ մենք երկրում աշխատենք»,-ասաց գյուղացիներից մեկը։
Գյուղացիները պաշտոնյայի հետ հանդիպմանը կասկած հայտնեցին նաև թունաքիմիկատների որակի վերաբերյալ, սրսկում են մի քանի անգամ, բայց էլի հիվանդությունը հասնում է այգիներին։
Քննարկման ժամանակ մարզպետը հայտարարեց, որ գյուղատնտեսության նախարարը քիչ անց կհասնի Արմավիր։
«Եկեք չպարալիզացնենք նաև մարզի կյանքը, 12։30 ձեզ սպասում ենք այս դահլիճում»,-հայտարարեց մարզպետը՝ ավելացնելով, որ մինչ այդ աշխատանքներ կլինեն տնտեսվարողների, գյուղացիների հետ։
Panorama.am-ի հետ զրույցում ԳՆ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը հաստատեց՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետ նախարար Արթուր Խաչատրյանն այս պահին մեկնում է խաղողագործների հետ հանդիպման։
Հարակից հրապարակումներ`
- Լարված վիճակ է Արարատ-Երևան ճանապարհին
- Արմավիրցի խաղողագործները փակել են ճանապարհը
- Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան
- Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են մթերող ընկերությունների սահմանած գների հետ. «Ժողովուրդ»