Որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում ենք դարձնել քրեորեն պատժելի. փոխնախարար
«Մենք պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն իրենց ընտրությունները կատարեն ազատ և անկաշկանդ, դրա համար մի շարք բարեփոխումներ են իրականացվում, ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ օրենսդրական»,- ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկմանը նշեց հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Փոխնախարարն ասաց, որ նախագծում Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:
«Առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթով նաև առաջարկվում է ոչ միայն ընտրակաշառք տվողին, այլև վերցնողին քրեական պատասխանատվության ենթարկել:
Թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ պատիժ է սահմանվում նաև ուրիշի փոխարեն քվեարկել հարկադրելու և ընտրական այլ արարքներ հարկադրելու համար՝ 3-5 տարի ազատազրկմամբ։ Եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամկետով:
Փոխնախարարը հավելեց, որ խստացվել է նաև ընտրությունների շրջանում բարեգործություն իրականացնելու համար պատիժը:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյանը՝ կառավարության հետ պայմանավորվածության մասին
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
- Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. վարչապետ
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
- Սեպտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին