Բագրատաշենի կամրջի նախագծային աշխատանքների մեկնարկն ակնկալվում է այս ամիս
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը հանդիպել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության մենեջեր Կեն Կիմի հետ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ քնարկվել են կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական հարցեր, մասնավորապես՝ ինժեներական թիմի մոբիլիզացիայի ժամանակացույցը: Հստակեցվել են կողմերի հաղորդակցության ձևաչափերը՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Անդրադարձ է եղել նաև պայմանագրային այլ հարցերի։
Ըստ աղբյուրի, Բագրատաշենի կամրջի նախագծային աշխատանքների մեկնարկն ակնկալվում է արդեն այս ամիս: Ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ պետական կառույցների հետ՝ նախագծային և շինարարական գործընթացների համար անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերման նպատակով:
Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է, կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը։