«Էլ Պեպե»՝ մարդկայնության բարձունքին հասած նախագահը
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի (հայտնի է նաև որպես «Պեպե») կյանքի ուղուն հետևել է հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Եվրանյուզը գրում է, որ «Էլ Պեպե. Բարձրագույն կյանք» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնում։
«Բարձրագույն կյանք»՝ ոչ թե այն պատճառով, որ Մուխիկան եղել է երկրի ղեկավար, այլ որովհետև, ռեժիսորի կարծիքով, նա հասել է մարդկայնության բարձունքներին։ Նրան, ում ամբողջ ուրուգվայցիները սիրով անվանել են «Էլ Պապե», ապրել է սովորական կյանքով, հին մեքենայով էր երթևեկել, նախագահական աշխատավարձի 90 տոկոսը տվել է կարիքավորներին։ Ֆիլմը նկարահանված է հարցազրույցի հիման վրա։
«Կարծում եմ՝ նա եզակի անձնավորություն է»,- ասել է Կուստուրիցան՝ ներկայացնելով 83-ամյա իր հերոսի մասին ֆիլմը, ում հետ նկարահանումների ընթացքում յուրահատուկ հարաբերություններ է հաստատվել, ինչպես հարազատների միջև։
Մուխիկան հավելել է. «Ես չգիտեի Կուստուրիցային, ես կինոյի մարդ չեմ, և ես ոչ մի բան չեմ հասկանում։ Բայց երբ ծանոթացա նրա հետ և իմացա նրան, մենք ընկերներ դարձանք»։
Ֆիլմում խոսվում է կյանքի իմաստի և քաղաքականության, Ուրուգվայում մարիխուանան օրինականացնելու Մուխիկայի հայտնի նախաձեռնության, նախկին պարտիզանի և ժողովրդի կողմից սիրված մարդու անձնական զգացմունքների մասին, ով կիսվել է նաև բանտում անցկացրած 13 տարիների հիշողություններով և խոսել ներկայիս կյանքի մասին, որն անկացնում է ֆերմայում։