Կկարգավորվեն պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային» օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:
Օրինագծի նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:
Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրինագծերի փաթեթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որոշ դրույթների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ: Ամփոփելով հարցի քննարկումը՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է լրամշակել օրենքների նախագծերը՝ բարձրացված հարցերին հնարավորինս ճշգրիտ ձևակերպում տալու համար: