ՄԻԵԴ վճռով Հայաստանից Վրաստան հարստացված ուրանի մաքսանենգության դիմաց ՀՀ-ն կվճարի 3400 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում է Հայաստանից Վրաստան հարստացված ուրանի մաքսանենգության հետ։ ՄԻԵԴ-ը միաձայն որոշում է կայացրել, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ կետերի խախտումներ (արդար դատաքննության և վկաների ներկայության ու հարցաքննության իրավունք)։
Գործը վերաբերում է հայազգի Գարիկ Դադայանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթին, որն օգնել, աջակցել է դեպի Վրաստան հարստացված ուրանի մաքսանենգությանը։ Եվս երկու մաքսանենգներ դատապարտվել են Վրաստանում, իսկ Դադայանը դատապարտվել է Հայաստանում՝ մաքսանենգների կողմից Վրաստանի իշխանություններին տրված վկայությունների հիման վրա։
ՄԻԵԴ-ը մասնավորապես գտել է, որ Դադայանի պաշտպանական իրավունքը զգալիորեն տուժել է, քանի որ ՀՀ դատարանը երբեք անձամբ չի հարցաքննել մաքսանենգներին։ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց տեղափոխել Հայաստան՝ Վրաստանում նրանց քրեական հետապնդման պատճառով, չնայած փաստին, որ այդ վկաների ցուցմունքները դատարանի համար եղել են միակ հիմքը, որով դատարանը կարող էր որոշել՝ արդյոք Դադայանը ներգրավված է եղել ռադիոակտիվ նյութերի վաճառքում, թե ոչ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանը Դադայանին պետք է վճարի 2400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 1000 եվրո՝ ծախսերի համար։
Գործի մանրամասներում նշվում է, որ 2010թ․-ի մարտի 11-ին Վրաստանի իրավապահները ձերբակալել են 2 անձանց՝ Հ․Օ․-ին ու Ս․Տ․-ին, երբ նրանք փորձել են վաճառել 15գ հարստացված ուրան, որը նրանք տեղափոխել են Հայաստանից գնացքով։
Վրաստանի իշխանությունները Հայաստանի անվտանգության ծառայությանը տեղեկացրել են, որ ուրանը գնվել է Գարիկ Դադայանից, ով էլ ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել։ Երկու մաքսանենգները որպես վկաներ հարցաքննվել են Վրաստանում 2010թ․-ի ապրիլին։ Նրանք հայտնել էին, որ վճարել են Դադայանին՝ Ռուսաստանից ուղևորվել Հայաստան ու ուրանն իրենց համար բերել Երևանի երկաթուղային կայարան։
Դադայանը 2011թ․-ի մայիսին Հայաստանում դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում