Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում
Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելույթի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ:
Թուրքիան պահանջել է արտահանձնել ներկայումս Շվեդիայում բնակվող մտավորականին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին ազատ է արձակվել։ Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:
Թեմայի շուրջ Զարաքօլուն թուրքական «Evrensel» պարբերականին հղած նամակում, ասել է.
«Ըստ էության որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ հոդվածները, ինչպես նաև այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը ու պաշտպանում եմ խաղաղությունը։ Թող անհանգստնան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։
Թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության ճանաչման իր պայքարը համարել է պատվո պայքար
- Թուրքիայի իշխանություններին հաճույքով եմ մատուցելու այս գիրքը. Ռագըբ Զարաքոլուի
- Զարաքոլուն ելույթ կունենա Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը