Վիլյամ Սարոյանի ինտերակտիվ տուն-թանգարանը
Օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակին, Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այս նախագիծը սկսել էր դեռ 2016 թվականին, երբ գնել է Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հաղորդմամբ, «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում ստեղծվել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը. հավաքագրվել են Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Թանգարանում նյութի ներկայացման համար օգտագործվել են տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներ: Թանգարան մտնելուն պես՝ այցելուներին դիմավորում է տուն-թանգաանի 3D լոգոտիպը: Ցուցադրության գլխավոր սրահի պատերից երկուսը՝ լուսանկարներ ու Սարոյանի գրաֆիկական աշխատանքերը ներկայացնողները, ինտերակտիվ են, այսինքն՝ արձագանքում են, երբ այցելուն մոտենում է նրանց և լուսավորվում են մոտեցողի սիլուետի ձևով: Մյուս պատերին ներկայացված են Սարոյանի գրքերի կազմերը և տարբեր ֆիլմեր՝ թե վավերագրական, թե գեղարվեստական: Հաջորդ սրահում «ներկա» է հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով:
Տուն-թանգարանում առկա է հետազոտությունների սենյակ, որտեղ ցանկացողները կկարողանան ուսումնասիրել տուն-թանգարանի հավաքագրած արխիվը: Սարոյանի տուն թանգարանը ունի նաև հուշանվերների անկյուն, և հուշանվերների մի մասը ևս ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով. այստեղից հնարավոր է ձեռք բերել Սարոյանի հավաքածուի քարերի 3D տպագրված կրկնօրինակները: Թանգարանի նորարական լուծումների հեղինակը Ստորակետ ճարտարապետական արվեստանոցն է, համադրողը՝ Կարեն Միրզոյանը: Օգոստոսի 31-ից App store-ում հասանելի է նաև William Saroyan հավելվածը, որը թանգարանը ստեղծել է ARLOOPA-ի հետ համատեղ: Այս հավելվածը AR-ի միջոցով (Augmented reality) հնարավորություն է տալիս շփվել Սարոյանի 3D անիմացիոն կերպարի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
- Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր
- Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում