Զորացրված սպաները պահանջում են վարչապետի հետ հանդիպում
Զորացրված սպաները հավաքվել են կառավարության շենքի առաջ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։
«Մենք բոլորս զինթոշակառուներ ենք։ Ցանկանում ենք վարչապետի հետ քննարկել մեր հետագա ապրելու ձևը, տեղը։ Մենք բոլորս բնակարանի խնդիր ունենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Սպաներից մեկը նշեց, որ նախորդ իշխանությանը դիմել են, խնդիրը ներկայացրել են, սակայն միշտ պատասխան են ստացել՝ բյուջեում փող չկա։
«Իրավիճակը եկել հասել է նրան, որ 4 հազար զորացրված սպա, որից 1000-ը զինթոշակառու, մնացել է անօթևան, մի մասը վարձով է ապրում, ոմանք՝ դոմիկներում, մի քանիսը՝ հարևան-բարեկամի տներում, ով ոնց կարողացել է»,-ասաց ակցիայի մասնակից սպան։
Նախորդ շաբաթ նրանք հանդիպել են պաշտպանության փոխնախարարի հետ, իրենց խոսքով, ՊՆ-ում առաջարկել են տրամադրել հողատարածք։
«Առաջարկը մեզ համար ընդունելի չէ, չի հստակեցվում, թե դրանք որտեղ են տրամադրվելու։ Անորոշ է, հատկացնելո՞ւ են, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչապետը գիտի մեր խնդրի մասին, պատրաստակամ է մեզ հետ հանդիպել։ Ակնկալում էինք, որ այսօր մեկը դուրս կգա, կխոսենք, բայց ինչպես տեսնում եք, դեռ որևէ մեկը դուրս չի եկել»,-ասացին սպաներն ու նշեցին, ԶԼՄ ներկայացուցիչներին շատ նուրբ հարցեր չեն պատմում, դրանք փակ քննարկման առարկա պետք է լինեն։
Նշեք, որ ակցիային մասնակցում է նաև «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գաբրիել Բալայանը հանդիպել է բնակարանային ապահովման խնդրով կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների հետ
- Փաշինյանը խորհրդարանին ներկայացրեց թոշակի անցած սպաների բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան