Կոստանյանը՝ կառավարության հետ պայմանավորվածության մասին
Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նշենք, որ այս նախագծերը երեկ քննարկվել էին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում պատգամավորների կողմից մի շարք մտահոգություններ էին բարձրացվել՝ իրավական որոշակիությունների հետ կապված։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղեկալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Երեկ հանձնաժողովում քննարկման ժամանակ մեր գործընկերի՝ մասնավորապես Արփինե Հովհաննիսյանի կողմից իրավացիորեն հարց բարձրացվեց առաջարկվող նախագծում առկա իրավական որոշակիության հետ կապված։ Ես հիմա նայում եմ՝ կաշառք ընդունելու խոստում տալը, կաշառքի առաջարկը ընդունելը դարձյալ պահպանվել են նախագծի տեքստում, այսինքն երեկվա մեր քննարկումից հետո տեքստը մնացե՞լ է նույնը, թե՞ փոփոխության է ենթարկվել»։
Փոխնախարարը պատասխանեց, որ երեկ պայմանավորվել են առաջին ընթերցումից առաջ կներկայացվի այս տեքստը, և հետո կառավարությունը հանձն կառնի որոշակի փոփոխություններ կատարել առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։
ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ տեղեկացրեց, որ կառավարության հետ պայմանավորվել են, որ հանձնաժողովով դրական եզրակացություն են տալիս և հայտարարում, որ այդ դրական եզրակացությունը տալիս են բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով։
«Այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում։ Հետևաբար, մենք պայմանավորվեցինք կառավարության հետ՝ նկատի ունենալով, որ կառավարությունն արտահերթ նիստ հրավիրել է հենց այս հարցի կապակցությամբ, որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, մենք քաղաքական նկատառումներից ելնելով դրական եզրակացություն տվեցինք հանձնաժողովում՝ պայմանով, որ պետք է իրավական այնպիսի էական շտկումներ լինեն, և միայն այդ դեպքում կհամարենք, որ մենք ունենք իրավական, օրինական օրենք, որը միտված կլինի մեր ընտրական գործընթացը բարելավելու և վստահություն ձեռք բերելու ընտրական գործընթացի նկատմամբ»,- նշեց Կոստանյանը։
Այնուհետև պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում մտահոգություն բարձրացրեց. «Մի՞թե ճիշտ քրեական քաղաքականություն է պետության կողմից՝ մարդուն տանել երեք տարի ազատազրկման դատապարտել ընդամենը նրա համար, որ խոստացել է ինչ-որ մեկին կողմ քվեարկել։ Խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, այստեղ նույնպես խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»։
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավելեց. «Մարդիկ առանց այն էլ քաղաքական պրոցեսների նկատմամբ բացասական վերաբերմունքով լցված են, հիմա ընդհանրապես կսկսեն խուսափել, որպեսզի մի ավելի շառի մեջ չընկնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
- Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. վարչապետ
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
- Սեպտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին