Ընտրական բնույթի հանցագործության մասին տվյալներ տիրապետելու դեպքում անհապաղ դիմել դատախազությանը. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ընտրական բնույթի հանցագործության մասին կոնկրետ տվյալների են տիրապետում՝ անհապաղ տրամադրեն ՀՀ գլխավոր դատախազությանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում, սակայն դրանց վերաբերյալ իրավապահ մարմիններին կհայտնեն, եթե «տեսնեն, որ դա համակարգային բնույթ է կրում»:
Պարոն Մարտիրոսյանին հորդորում եմ ընտրական բնույթի հանցագործության մասին կոնկրետ տվյալների տիրապետելու դեպքում դրանք անհապաղ տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազություններին կամ ՀՀ իրավապահ մյուս մարմիններին:
Ի դեպ, հորդորն ուղղված է ոչ միայն Արմեն Մարտիրոսյանին, այլ նաև բոլոր այն անձանց, ովքեր առնչվել են նման դրսևորումների կամ ունեն ընտրական իրավախատումների մասին որոշակի կոնկրետություն ենթադրող տվյալներ:
Հիշեցնեմ, որ ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով Երևանի դատախազությունում արդեն իսկ գործարկվել է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով, որը մինչև քվեարկության օրը աշխատանքային օրերին կգործի ժամը 09:00-ից 19:00-ը, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»: