Մեղրաձորի բնակիչ. Թալանչի համայնքապետի հետևում վարչապետի կուսակիցն է կանգնած
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Նրանցից մեկը գրություն հանձնեց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, խնդրեց փոխանցել պաշտպանության նախարարին։
«Վարչապետը խիստ հանձնարարական էր տվել Դավիթ Տոնոյանին՝ հանդիպել այս ծնողների հետ։ Ժամկետն անցել է։ Դավիթ Տոնոյանը հին ափսեից տնփոխ է եղել, նա իմ դարդը չի լսի, նա ոչ մի ծնողի չի լսել»,-ասաց նա։
Կառավարության նիստին շտապող Դավիթ Սանասարյանի ճանապարհը կտրեց մի տղամարդ, ասաց՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարը՝ Կառլեն Հովհաննիսյանը զբաղված է համայնքի բյուջեի թալանով, խոսքը միլիոնավոր դրամների մասին է, մի քանի անգամ նամակ է հղել կառավարությունը, պատասխանը ստացել է լղոզված։
«Երեք ամսվա մեջ դիմում եմ հղել պարոն վարչապետին, լղոզված պատասխան են տալիս։ Թալանչի համայնքի ղեկավարի հետևում կանգնած է վարչապետի կուսակիցը, ամբողջ մարզը գիտի՝ ում մասին է խոսքը»,-ասաց համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը։
Մեղրաձորի բնակիչը չմանրամասնեց Փաշինյանի կուսակցի մասին հայտարարությունը, ասաց, նրա անունն անձամբ կհայտնի կառավարության ղեկավարին։
Սանասարյանն էլ խորհուրդ տվեց կառավարության շենքի մոտ չգալ, այստեղ նրանց հարցերը չեն լուծվում, կոչ արեց գնան իր ղեկավարած ծառայություն։
Նշենք, որ Գուրգեն Գալստյանը համայնքապետի՝ իր կարծիքով, ապօրինությունների մասին նամակ է ուղարկել նաև ՀՀ գլախավոր դատախազություն։