Համաներման հարցը մինչև վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից. Արթուր Հովհաննիսյան
«Տևական ժամանակ մեր հայրենակիցներից նամակներ ու առաջարկություններ եմ ստանում, որը վերաբերում է համաներմանը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանին։
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին. «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Կալանավորներ կան, որոնց ես հանդիպել եմ և առաջիկա օրերին նորից հանդիպում ունեմ։ «Արմավիր» ՔԿՀ-ում ակնհայտ է, որ նրանց հանրային վնասակարության աստիճանն այլևս ժամանակավրեպ է։ Կառավարությունն իր օրակարգում ունի՞ համաներման նախաձեռնությամբ ԱԺ դիմելու առաջարկ, թե ոչ։ Այս առաջարկով ես՝ որպես ԱԺ պատգամավոր, գրավոր դիմել են նաև ՀՀ վարչապետին»։
Փոխնախարարը պատասխանեց. «Համաներման հետ կապված հարցը քննարկման փուլում է, թե ոչ, այսօր չեմ կարող դրա մասին խոսել։ Նախ այն ունի գաղտնիության ռեժիմ, այսինքն մինչև վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից, բնականաբար համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում բեռնաթափում կլինի, այս առումով ասեմ, որ շահագրգիռ անձանցից մեկը նաև արդարադատության նախարարությունն է, քանի որ ոլորտը գտնվում է նախարարության իրավասության ներքո»։
Պատգամավորը ևս մեկ մտահոգություն բարձրեցրեց. «Ցմահ դատապարտյանը զրկված է իր հարազատի՝ ծնող, երեխա, հուղարկավորությանը մասնակցելուց։ Չե՞ք կարծում, որ այս առումով մեր օրենսդրությունը ծայրահեղ խստացված է և վերանայման կարիք ունի»։
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցմահների պահման պայմանների հետ կապված հարաբերությունները փոփոխման ենթական են և արդարադատության նախարարությունը այս առումով շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան