Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն
2017թ. Բուլղարիայում վաճառված գեղարվեստական գրքերից ամենաշատ ընթերցվածները հենց Նարինե Աբգարյանի հեղինակած գրքերն են, իսկ հեղինակի «Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն:
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է Սոֆիայի Հայոց տանը «Երևան» կազմակերպության և բուլղարական «Լաբիրինթոս» հրատարակչության նախաձեռնությամբ մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր գրողի հետ կազմակերպված հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, գրականության և արվեստի գործիչներ, բազմաթիվ ընթերցասերներ: Միջոցառմանը մասնակցել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի Բերդ քաղաքում ծնված և մեծացած, ապա 1993թ.-ից Մոսկվայում բնակվող ստեղծագործող Նարինե Աբգարյանի անցած ստեղծագործական ուղին, բուլղարացիների համակրանքը վայելող հայազգի արձակագրի երկերը, որոնք վերոնշված հրատարակչության կողմից թարգմանվել են բուլղարերեն:
Իր խոսքում Նարինե Աբգարյանն անդրադարձել է իր մանկության տարիներին՝ ներկայացնելով հիշողություններ, որոնք հետագայում իր գրքերի հիմքն են հանդիսացել: Նա պատմել է ցեղասպանություն վերապրած իր նախնիների մասին, հիշատակեց Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերը:
Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ արձակագիրը ներկայացրել է իր աշխատանքային և ստեղծագործական ճանապարհը՝ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելով իր գրքերի ստեղծման, դրանց առանձին դրվագների, հերոսների նախատիպերի մասին:
Հանդիպման մասնակիցները հատվածներ ընթերցել են հեղինակի գրքերից: Սեպտեմբերի 5-7-ը Նարինե Աբգարյանի հետ հանդիպումներ կկազմակերպվեն Բուլղարիայի Պլովդիվ, Ստարա Զագորա և Բուրգաս քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն
- Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում