Մարդատար տրանսպորտի ծառայությունների գները օգոստոսին 1.3%-ով աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.2%-ով, կենցաղային սարքերի նորոգման ծառայություններինը՝ 0.2%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 1.3%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների և կապի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.6% և 0.4% նվազում, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, բժշկական, կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.1%-ով: