Բիչախչյանը՝ Էգոյանին ու Արսինե Խանջյանին տրված անձնագրերի մասին
«ՀՀ նախագահի հրամանագրով, Արսինե Խանջյանին ու Ատոմ Էգոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մինչ այդ նրանց ունեցածը եղել է կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթեր՝ հատուկ անձնագրեր»։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ պարզաբանելով, թե երեկ ինչ անձնագրեր են տրվել հայտնի կինոռեժիսոր Ատոմ էգոյանին ու նրա կնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին, և թե ինչ անձնագրեր էին ստացել նրանք 2002-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։
«Հատուկ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, այլ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ է»,-մանրամասնեց վարչության պետը՝ ավելացնելով, որ գոյություն ունի կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։
Դրանց տրամադրման համար ընդունվում էր իրավական ակտ, այն տրվում էր օտարերկրացիներին, նրանք չեն համարվում ՀՀ քաղաքացիներ։
Բիչախչյանը հիշեցնում է, որ նախկինում այդ անձնագրերը կապույտ էին, նման ՀՀ քաղաքացիների անձնագրերին, դրանց մեջ նշվում էր, թե որ երկրի քաղաքացի է տվյալ անձը։ Հետո կառավարության որոշմամբ, հասատվել է հատուկ անձնագրի ձևը, գույնը, այն հիմա կարմիր է, որպեսզի շփոթություն չլինի։
Հատուկ անձնագրերը Էգոյանին ու Խանջյանին տրվել էին տասը տարի ժամկետով, ժամկետը սպառվելուց հետո նրանք ժամկետի երկարացման համար չեն դիմել։