Մեր ծրագիրը մշակել ենք ՄԱԿ-ի կողմից հաստատած կայուն զարգացման հիմնական սկզբունքներով
«Երևանը երկար տարիներ կառավարվել է հիմնականում քաղաքական ուժերի կողմից: Մեր տեսակետն այն է, որ Երևան համայնքը պետք է ինքնակառավարվի և ներկայացված լինեն հանրության ոչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Նրա խոսքով՝ իրենք որոշեցին միավորվել մի շարք հասարակական կազմակերպություններով, որոնք երկար տարիներ միմյանց հետ համագործակցել ու աշխատել են, և մասնակցել ավագանու ընտրություններին:
«Մեր հիմնական ցուցակը կազմված է տարբեր մասնագետների, տարբեր հասարակական գործիչներից, իհարկե կան նաև քաղաքական ուժեր: Ցուցակում ընդգրկված է 12 ՀԿ և 2 քաղաքական ուժ՝ «Գալա» կուսակցությունը և «Հայաստանի կանաչների կուսակցությունը»»,- ասաց Թարխանյանը:
Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ սրանք համայնքի ընտրություններ են և պետք ավելի շատ մասնակցեն ոչ թե քաղաքական ուժերը, այլև հասարակական:
Դաշինքի անդամ Արամ Գրիգորյանն ասաց, որպեսզի քաղաքի կառավարումը լինի արդյունավետ, չի կարելի, որ կառավարվի մեկ օբյեկտի կողմից:
«Երևանում կուտակված խնդիրներից շատերը հրատապ լուծումներ են պահանջում: Մեր քաղաքական թիմում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ ու ՀԿ-ներ են, որոնք այս տարիների ընթացքում քիչ թե շատ ավելի ծանոթ են պրոբլեմներին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դաշինքի ծրագրին, Թարխանյանը նշեց, որ հիմնական ծրագիրը մշակել են ՄԱԿ-ի կողմից հաստատած կայուն զարգացման հիմնական սկզբունքներով:
«Կայուն, կանաչ, ներառական, սմարթ և անվտանգ քաղաքի ստեղծման գաղափարախոսությունն է ընկած մեր ծրագրի հիմքում: Կայուն քաղաքն իր մեջ ներառում է թե քաղաքաշինական խնդիրների, թե սոցիալական խնդիրների լուծումները»,- ասաց նա:
Անահիտ Թարխանյանն առանձնացրեց մայրաքաղաքի կենտրոնի գերծանրաբեռնվածության և կառուցապատման հարցերը. «Պետք է սահմանափակենք և ընդհանրապես արգելենք շինարարությունը քաղաքի կենտրոնում: Գլխավոր պողոտայի այգին տվել են հայտնի ռուսաստանաբնակ մեծահարուստի, որպեսզի ոռոգման հարցը լուծի և կանաչապատում իրականացնի, սակայն այնտեղ խայտառակ նախագծով, անճաշակ, ահռելի մեծ սրճարաններ են, որոնց կառուցման համար 20-30 չինար է հատվել»:
Թեկնածուի խոսքով՝ լուրջ խնդիրներ կան նաև Երևանի հարկերը հավաքելու հետ կապված. «Բազմաբնակարան շենքերում միջին երևանցին պարտադիր վճարում է իր հասանելիք հարկերը, բայց դրա հետ միասին, եթե դուք տեսնեք թե ինչ քանակի չմուծած հարկեր կան մեծահարուստների կողմից, ապշեցուցիչ է: Ես մոտ օրերս կհրապարակեմ դրանք»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք շարժվում ենք առաջ՝ դեպի հաղթանակ. Անահիտ Թարխանյան
- Անահիտ Թարխանյանը խոստանում է առաջիկա 4 տարում Երևանում 30 հազար աշխատատեղ հիմնել
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Բողոքի ակցիա՝ Գլխավոր պողոտայի այգում
- Գլխավոր պողոտայի այգում ծառ են արմատախիլ անում
- Գլխավոր պողոտայի այգում ծառերը կտրվում են քաղաքապետարանի իմացությամբ
- Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան