Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ
Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու 2018 թ. սեպտեմբերի 20-27-ն Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության բաժնից հայտնել են, որ ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:
Սա առաջին դեպքը չէ, որ հայ մարզիկները հրաժարվում են գնալ Ադրբեջան։ Պատճառը միշտ նույնն է՝ անվտանգության երաշխիքները։ Panorama.am-ը հետաքրքրվեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից, արդյո՞ք Ադրբեջանում պետական քաղաքականություն է՝ սպորտն ու բուն քաղաքականությունը միախառնել իրար, արդյո՞ք նկատվում է նման միտում։
«Ադրբեջանական կողմն այսօր նամակ հրապարակեց, որտեղ ասում էր, որ հայկական կողմի բոլոր երաշխիքներն ապահոված են և, իրենց պնդմամբ, պարտադիր չէր առանձին անդրադառնալ անվտանգության հարցերին։ Հայկական կողմն ասում է, որ առանձին անվտանգության երաշխիքներ չեն ապահովել, ձյուդոյի հավաքականը չի մասնակցում»,- ասաց Ա. Էլիբեգովան՝ հավելելով, որ սա այն ֆոնին, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Բաքու գալու-չգալու հարցն է քննարկվում։
Ադրբեջանագետը հիշեցրեց, որ նրա մուտքն արդեն մեկ անգամ Ադրբեջան փաստացի արգելել են այն պատճառով, որ Արցախ է այցելել, հիմա էլ պարզ չէ առհասարակ գնալու է, թե ոչ, ըստ երևույթին նորից՝ ոչ։
2015 թ. Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել էր Բաքու։ Այդ ժամանակ «Բորուսիա» ակումբում հանդես եկող Հ. Մխիթարյանը չմեկնեց Բաքու։ Արդեն այս տարի Եվրոպայի լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» կխաղա Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ։ Այժմ Հ. Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում։
Ա. Էլիբեգովան նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ հայ մարզիկները հրաժարվում են գնալ Բաքու, Հայաստանը չի մասնակցել նաև Բաքվում տարիներ առաջ կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
«Իսկ այն դեպքերում, երբ գնացել ու մասնակցել ենք այնտեղ կայացած մրցույթներին, միջադեպեր են գրանցվել։ 2012 թվականին բռնցքամարտի հավաքականը գնաց, տրիբունաներից քարեր, շշեր էին շպրտում նրանց վրա, նույնիսկ վիրավոր ունեցանք, շրջապատել էին հայ մարզիկների ավտոբուսը, մի քանի ժամ չէին թողել դուրս գային շենքից»,- ասաց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ, փաստացի, Ադրբեջանում հայ մարզիկների համար անվտանգության խնդիր կա։
Բացի այդ, նրա խոսքով, հոգեբանական լուրջ ճնշում է զգացվում խաղերի ժամանակ. «Մի տարի մրցույթում հայ մարզիկը հաղթել էր, մեդալներ էին հանձնում, ներկա էր անձամբ Իլհամ Ալիևը։ Հայ մարզիկին մեդալ հանձնելու ժամանակ դահլիճը սուլել էր, Ալիևը ձեռքը բարցրացրել էր, որ լռեին։
Այսինքն, Ադրբեջանում հայ մարզիկների դեմ նման դեպքեր բազիս եղել են, հայատյացության դրսևորումներ են»։
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ադրբեջանցի մարզիկների հետ կապված որևէ միջադեպ չի գրանցվել։
«Իրենք էլ եկել են մեզ մոտ մրցույթների, որևէ միջադեպ չի գրանցվել, լուռ, համեստ եկել, մասնակցել, գնացել են։ Այնպիսի իրավիճակում, որ հայտնվել են մեր մարզիկներն այնտեղ, այստեղ ադրբեջանցի մարզիկները չեն հայտնվել»,- ընդգծեց Ա. Էլիբեգովան։
Ադրբեջանագետի կարծիքով, սպորտը պետք է քաղաքականությունից զերծ մնա, բայց մեր դեպքում դա առհասարակ հնարավոր չէ, որովհետև երբ որ հակառակորդ պետությունը պատրաստ չէ ադեկվատ, կիրթ ձևով ընդունել, հետևաբար հայկական կողմին ոչինչ չի մնում, որ հրաժարվի մասնակցությունից։
«Բնականաբար, Ադրբեջանը չի ապահովում պայմանները՝ և հոգեբանական, միգուցե նաև ֆիզիկական անվտանգությունը։ Հոգեբանական ճնշումը ոչ պակաս գործոն է»,- հավելեց նա։
Ադրբեջանում հայատյացության դրսևորումներ զգացվում է բոլոր ասպարեզներում, բնագավառներում։ Ա. Էլիբեգովայի խոսքով, նման դրսևորումները չեն կարող չզգացվել, քանի որ դա արդեն հասարակության մեջ մշակույթ է։
Հարակից հրապարակումներ`
- Ձյուդոյի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
- Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ չի տվել մոնիտորինգ իրականացնելու համար. ԼՂՀ ԱԳՆ
- Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները վաղը կմեկնեն Բաքու. Թ.Պողոսյան
- Բաքու մեկնելիք հայ պատգամավորները սպասում են անվտանգության երաշխիքների. «Հրապարակ»
- Հայաստանն ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ է տվել
- Ա. Զաքարյան. «Հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան