2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ բենզինի գինն աճել է 17.1%-ով
2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.7%, հագուստի՝ 2.2%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.9%, ոսկերչական զարդերի՝ 0.8%, վառելանյութի և քսայուղերի 0.3%, խոշոր կենցաղային սարքերի 0.2% գնանկում:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է դեղագործական ապրանքների՝ 0.1%, գորգերի և հատակի ծածկերի`0.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.3%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.6%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու 1.2% գնաճ, իսկ կահույքի և կահավորանքի գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:
2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.7%-ով: 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.1% և 28.8%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 23.3% գնաճ: