ԱԳՆ. ԼՂ խնդրի կարգավորումը այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասում են միջնորդների ջանքները
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացն արհեստականորեն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասում են խնդրի հանգուցալուծման հասնելու համանախագահների ջանքերը: Նման կարծիք են հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինը։
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախարար Մնացականյանը և դեսպան Լիտվինը քննարկել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում:
Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում երկուստեք գոհունակությամբ փաստվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալների աճը: Միաժամանակ կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը լիովին օգտագործելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև»
- Պորոշենկոն Հայաստանում դեսպան է նշանակել
- Հայաստանում Ուկրաինան դեռ դեսպան չունի