Փաշինյանի կառավարությունը հայեցակարգ չունի նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված. Շարմազանով
«Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, ինչը երեկ փաստեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե Հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ «քոռանամ ես», հիմա քոռանամ քո համար, որ մի բան ես ասում, իսկ Անվտանգության խորհրդիդ քարտուղարն այլ բան է ասում։ Հեգնանքով պետք չէ մեզ հետ խոսել, մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք ասում։ Ես փաստերն եմ ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս։ Ես դաստիարակված մարդ եմ ինձ համարում և երբեք իմ գործընկերների հետ «պլինտուս»-ից ներքև բանավեճի մեջ չեմ մտնի։ Ես խոսում եմ ըստ փաստերի՝ պարոն Փաշինյան, որ դուք ասում եք ադապտացվեք, լուրջ ընդունում եք, որ դա կարող լա՞վ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, երբ ասում են եռում է ներքաղաքական իրավիճակը, դուք ասում եք՝ դե իրոք, էսօր իսկապես շոգ է, լուրջ հավատու՞մ եք, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա, կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում, վարչապետը գտնում է, որ սա լա՞վ սիգնալ է»,- նշեց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ երեք նախագահների ժամանակ նման իրավիճակ չի տեսել։ Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում։
Շարմազանովը նաև հավելեց, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը հայեցակարգ չունի նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված․ «Ասում է, որ ես գամ, ձեզ հետ կքննարկեմ ու կորոշենք, այ ընկեր ջան, էս ի՞նչ ենք անում մենք, սա խայտառակություն է, բա կառավարությունն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չե՞ս վերցնում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան