Րաֆֆի Հովհաննիսյան. Չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է
«Մենք բարին ենք մաղթում բոլոր մասնակիցներին, բարեկամ-մրցակիցներին, մենք չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է, բոլորն էլ ՀՀ քաղաքացի են, Երևանի բնակիչ և լիիրավ են շփվելու և համոզելու մեր համաքաղաքացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին:
Նրա խոսքով՝ երկար տարիներ անց կլինեն ընտրություններ, որի արդյունքներին կվստահի ժողովուրդը և դա է հիմա կարևորը, այլ ոչ թե ով կընտրվի:
«Երկուշաբթի՝ Ազնավուրի հրապարակում ծրագրային ելույթով հանդես կգանք: Մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագիրը: Մեր մոտեցումն այն է, որ Երևանը պետք է ունենա համապարփակ գույքագրում: Մենք ունենք ոչ միայն բովանդակային լուծումներ, այլ նաև ընթացակարգային: Հանձնառություն ենք վերցնում ավագանիում և քաղաքապետարանում հայտնվելուց հետո առաջնորդվել վերկուսակցական գաղափարներով»,- նշեց Հովհաննիսյանը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ընտրվելուց հետո չեն վախենա իրենց շրջապատել իրենցից ավելի խելացի մարդկանցով, ինչն էլ կլինի իրենց առավելությունը:
«Հուսով ենք, զերծ կլինի պայքարը ծայրահեղ պիտակավորումներից, քաղաքական պատկերը բազմագույն է, մեր քաղաքացիներն էլ ամեն մեկն ունի իր նախապատվությունը»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ցուցակը գլխավորող անդամներից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ իրենց կուսակցությունը դեռ որոշակի պարտականություններ ունի Երևանի նկատմամբ:
««Ժառանգությունը միակ կուսակցությունն է, որը պարզ ճակատով կարող է ժողովրդի առաջ կանգնել և ասել՝ քո շահը և պետության շահը պաշտպանել եմ, ոչ մեկի չեմ վաճառվել: Կարծում եմ՝ «Ժառանգությունը» կունենա իր դերը Երևանի ոչ միայն խնդիրների լուծման, այլև զարգացման մեջ: Յուրօրինակ պայքար է լինելու, ընդդեմի պայքար չի լինելու, այլ հավասար, արդար պայքար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության անդամներից Հովսեփ Խուրշուդյանն էլ ավելացրեց, որ յուրաքանչյուր երևանցի պետք է մասնակցի քաղաքի կերտմանը՝ «արդեն դրա հավեսը կա»:
Բանախոսներն անդրադարձան նաև «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը՝ սևերի և սպիտակների հետ մասին:
«Հայկ Մարությանը հայտնի է որպես ուրախ տղա, դրական դաշտում գտնվող մեկը, իր այդ հայտարարությունն ինձ խորթ թվաց, նա եթե վերադառնա իր դրական դիրքին, այն դաշտին, որտեղ գտնվել է, ավելի լավ կլինի, ես անձամբ շատ լավ եմ իրեն վերաբերում: Եթե քաղաքականություն մտնելիս վրիպումներ է թույլ տալիս, ոչինչ, ուղղակի շատ կցավեմ, թե դա թիմի մտածողության խնդիր լինի»,- ասաց Խուրշուդյանը:
Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց. «Մենք բոլորս մարդ ենք, ուստի և սխալական: Դրական եմ համարում, որ Հայկ Մարությանն ընդունեց իր սխալականության մի մասը, բայց այնտեղ մի հատված կար, որը ևս պարզաբանման կարիք ուներ: Ինչևէ, մենք առաջ ենք շարժվում, ոչ թե կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա: Ցանկացած պարագայում մեր մոտեցումը հետևյալն է՝ չկան սևեր և սպիտակներ, կամ այլ գույներ, մեզ համար կան քաղաքացիներ, որոնք ունեն իրենց դիրքորոշումը»:
Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս նշեց, որ եթե դա արտացոլում է ավելի տարածված մոտեցում, ցավալի է, և իրենք ամեն ինչ պետք է անեն, որ դա փոխվի. «Մենք կհամագործակցենք բոլորի հետ, թե անցնողների, թե չանցնողների»:
Լրագրողները Հովհաննիսյանից հետաքրքրվեցին նաև Մարտի 1-ի գործով հարցաքննություններից, ինչին ի պատասխան նա ասաց. «Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը պետք է հարցաքննվեն այդ գործով, այլև իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դաշտային գործի առաքելության մեջ էին: Այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս գա, պետք է հարցաքննվի»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգությունը» հրապարակել է իր ընտրական ծրագիրը
- Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյան
- Հայկ Մարության. Կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս
- Վիգեն Սարգսյան․ Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը
- «Ժառանգությունը» Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին