Խնդիրը ստվերից ձերբազատվելն է. տնտեսագետը՝ եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին
Հարկային բեռի իջեցումը գործող կառավարության որդեգրած տրամաբանության մեջ է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններին:
Հիշեցնենք, որ վարչապետը, սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ ներկայացրեց: Ներկայումս Հայաստանում գործում է հարկման երեք սանդղակ, մասնավորապես, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոս:
Վարչապետի ներկայացրած առաջին տարբերակով առաջարկվում է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, իսկ 250-ից դրամից ավելի ստացողներինը՝ 25 տոկոս: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ եկամտահարկի նվազումը հիմնականում կապված է ստվերի դեմ պայքարի հետ:
«Դա նշանակում է, որ պետք է ստվերից դուրս բերվեն շահույթները, աշխատավարձերը, դիվիդենտները, ինչու չէ՝ վարձակալական վճարները: Այսինքն՝ կարճաժամկետ խնդիրը ստվերից ձերբազատվելն է, իսկ դա նախնական նախադրյալներ է ստեղծում, որպեսզի Հայաստանում ձևավորվեն օպտիմալ հարկադրույքներ, որոնք խթան կհանդիսանան տնտեսության հետագա զարգացման համար»,- նշեց նա:
Տնտեսագետը կարծում է, որ վարչապետի առաջարկած երկու տարբերակն էլ պետք է քննարկվի, բայց խնդիրը նրանում է, որ աշխատավարձի հարկման քաղաքականությունը պետք է համադրելի լինի շահույթների հարկման քաղաքականության հետ: Ուստի, ըստ նրա, այդ տեսանկյունից նախընտրելի է երկրորդ տարբերակը:
«Դա նշանակում է ավելի պարզ ու հստակ խաղի կանոններ կլինեն եկամուտների, աշխատավարձի հարկման դաշտում, ստվերից դուրս գալու որոշակի խթաններ կստեղծվեն, դրական ազդակներ կհաղորդեն ներդրողներին, քանի որ ներդրումային ծրագրերի տեսանկյունից աշխատավարձերի և շահույթների հարկման այսպիսի համադրելի սխեման առավել պարզ ու հասկանալի է: Այնպես որ, համամասնական կամ համահարթ տարբերակն ավելի նախընտրելի է»,- ասաց Ատոմ Մարգարյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե սոցիալական արդարության տեսանկյունից նայեն, ապա այս փուլում համահարթ տարբերակն այնքան էլ բարենպաստ չէ:
«Եթե մենք մի քանի միլիոն աշխատավարձ ստացողի եկամուտը հարկում ենք նույն դրույքաչափով, ինչ 160 հազար դրամ ստացողինը, ինչ-որ տեղ դա արդարացի չէ, բայց այս փուլում գլխավոր խնդիրը ստվերում վճարվող աշխատավարձերի երևակումն է ու բացահայտումը»,- հավելեց տնտեսագետը: