Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա. Ջասպեր Հոփե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով հանդես է գալիս Դուբայի օպերային թատրոնում՝ ներկայացնելով Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաները, երկուսն էլ պրեմիերաներ։
Օպերայի և բալետի թատրոնի հաղորդմամբ, ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) ցուցադրվել է երեկ, կներկայացվի նաև այսօր և սեպտեմբերի 8-ին։
Ներկայացման մեջ հանդես են գալիս սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը։
Դուբայի հանդիսատեսին ներկայացվում է տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։
Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունը իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։
«Կախարդական սրինգում» հանդես են գալու օպերային թատրոնի փորձառու արտիստներն ու երիտասարդ ուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլևանյանը և օպերային թատրոնի այլ հայտնի մենակատարներ։
Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նշել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան