Արցախում քննարկել են Շուշիի ներուժն օգտագործելու հնարավորությունները
Շուշիում ափսոսանքով են արձանագրել այդ շրջանում ոչխարաբուծության ներկայիս և խորհրդային շրջանների ցուցանիշների շեշտակի տարբերությունը։ Շուշիի շրջանի վեց գյուղական համայնքների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հույս և վստահություն է հայտնել, որ բնակիչների, ներդրողների տնտեսական ակտիվության, ինչպես նաև մատչելի վարկավորման ծրագրի միջոցով հնարավոր կլինի օգտագործել տարածքի ներուժը։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչակազմի ղեկավարի առաջարկով Գ․ Մարտիրոսյանը նախնական համաձայնություն է տվել բյուջետային հաջորդ տարվա ծախսերի մեջ ներառելու Շուշի քաղաքում գտնվող պատմական Ռեալական ուսումնարանի շենքի (1908 թ․) և բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի դղյակի (19-րդ դար) մնացորդների կոնսերվացման համար։
Զրուցակիցները քննարկել են նաև Շուշի քաղաքի խմելու ջրի ֆիլտրման, քաղաքի կանաչապատ տարածքների բարեկարգման և հարակից այլ հարցեր։
Խորհրդակցության վերջին հատվածում զեկուցումներ են ունեցել շրջանի Եղցահող, Մեծ Շեն, Քարին Տակ, Հին Շեն, Քիրսավան, Լիսագոր համայնքների ղեկավարները։ Գ․ Մարտիրոսյանը հետաքրքրվել է գյուղերում դպրոցների, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների, ջրամատակարարման, ջեռուցման վիճակից։ Համփոփումն ներկայացված զեկուցումների՝ պետնախարարը հանձնարարել է վարչակազմի և բնակավայրերի ուժերով շարունակել սալապատման աշխատանքները, ջրի խնդիր ունեցող համայնքներում տարեկան 1-2 բնակավայր սկզբունքով հնարավորության սահմաններում լուծել առկա խնդիրները։
Գ․ Մարտիրոսյանն արձանագրել է, որ գյուղական բոլոր բնակավայրերում ըստ ներկայացվածի՝ առկա է վառելափայտի մթերման հետ կապված լեռնաանտառային ճանապարհների կահավորման խնդիր, որը կառավարությունում նկատի կառնվի։
Շուշիից պետական նախարարն ուղևորվել է Քարին Տակ, տեղում ծանոթացել «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ տեղադրված արևային ջրատաքացուցիչների և ֆոտովոլտայիկ կայանների աշխատանքին, համայնքի բուժկետում և մանկապարտեզում ստեղծված պայմաններին։