ԵԺԿ նախագահ. Հույս ունեմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը
«Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը։
Նա տեղեկացրել է, որ անցած չորեքշաբթի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին:
«Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,-նշել է ԵԺԿ նախագահը։
Ավելի վաղ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր հանդիպման մասին, մասնավորապես նշել, որ Ժոզեֆ Դոլին ներկայացրել է Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: