Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր
«Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն»,-իր կողմից առաջարկվող փոփոխությունը մանրամասնում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մարուքյանի խոսքով, նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։
Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։
«Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնոդրությունը։ Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ»,-նշել է նա։
Տարածած հաղորդագրության մեջ պատգամավորը նշում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։
Առաջարկվում է սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2017 թ. հունվարի 1-ից հարուցված բոլոր քրեական գործերի վրա։
«Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Մյուս կողմից՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի»,-փոփոխության ընդունման դեպքում ազդեցությունը գնահատում է «Ելք»-ի անդամը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան