Վենետիկի կինոփառատոնի ժյուրին անհանգստություն է հայտնել ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագրի վերաբերյալ
Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ մեքսիկացի ռեժիսոր Գիլմերո Դել Տորոն անհանգստություն է հայտնել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի առողջության հետ կապված և կոչ արել ազատել նրան։
«Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժյուրին մտահոգված է Օլեգ Սենցովի ֆիզիկական վիճակով, ով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Կինոփառատոնի միջազգայինն ժյուրին միանում է կինոինդուստրիայի և մշակութային հանրության դիմումին՝ անհապաղ ազատ արձակել Օլեգին, որպեսզի խուսափենք նրա մահից»,- Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ ասված է ժյուրիի հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում, 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացիներին։ Սենցովի ներման խնդրագիրը, որն ուղարկվել է նրա մոր կողմից, չի ընդունվել ու չի քննարկվել, քանի որ ռուսական օրենքներով այդ փաստաթուղթը պետք է հենց ազատազրկված անձն ուղարկի։
Հարակից հրապարակումներ`
- Գրող Սթիվեն Քինգը միացել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակիցներին
- Մոսկվայում դատարանը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Սենցովի կալանքի ժամկետը
- Ուկրաինացի ռեժիսոր Օ.Սենցովը կմնա ՌԴ-ում կալանքի տակ մինչև հոկտեմբերի 11-ը