Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը աշխատանքային այցով Ռուսաստան էր ժամանել։
ՌԴ նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել են ռոս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում համագործակցության վերաբերյալ առանցքային հարցեր։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը վստահաբար առաջին տեղում է Հայաստանի տնտեսական գործընկերների թվում։
«Մենք ամենամեծ ներդրողն ենք Հայաստանի տնտեսության մեջ, և այստեղ կարելի է նշել, որ այդ առումով հարաբերությունները բավականին դիվերսիֆիկացված են՝ էներգետիկա, ընդ որում նաև ջերմային էներգետիկան, գազամատակարարում, ընդ որում ամենացածր գնով, որն աշխարհում միայն «Գազպրոմ»-ն է անում՝ 1 000 խմ-ի դիմաց 150 դոլար, նաև ատոմային էներգետիկա։ Մեր հարաբերությունները զարգանում են նաև մետալուրգիական արդյունաբերության ոլորտում՝ տարբեր ուղղություններով, այդ թվում մեքենաշինության։ Ընդհանուր առմամբ, շատ բան ունենք խոսելու»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա ուրախություն է հայտնել, որ անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այդ աճն արդեն կազմել է 22 տոկոս։
«Այսինքն, եթե գործերն այսպես ընթանան նաև հետագայում, ապա մենք կգերազանցենք անցած տարվա ցուցանիշը։ Մեր համագործակցության ծավալը մեծ է։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել, որպեսզի համաձայնեցնենք միջնաժամկետ հեռանկարում մեր հետագա համագործակցությունը»,-նշել է ՌԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան
- Փաշինյանը ժամանել է Մոսկվա
- Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն
- Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը