Թևան Պողոսյան. Մոսկվայում հնչած գլխավոր ուղերձը պատրաստակամությունն է
«Երկու կողմից էլ հնչած գլխավոր մեսիջը պատրաստակամությունն է, որ պատրաստ ենք համագործակցելու, հարաբերությունները զարգացնելու, իրար հասկանալու և դրա հիման վրա կառուցելու երկու երկրների հարաբերությունները, որը կտանի ավելի բարձր մակարդակի հարաբերությունների»։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին։
Նա հիշեցրեց, որ հանդիպման բացման պաշտոնական խոսքն արվում է մամուլի համար, իսկ դրան հաջորդում են առանձնազրույցները, որոնց ընթացքում հարցերն ավելի բաց են արծարծվում։ Քանի դեռ առանձնազրույցի ընթացքից ոչինչ հայտնի չէ, Պողոսյանը վաղ է համարում, եզրակացություններ անելը։
«Գլխավորը գործողությունների արդյունքներն են։ Եթե մենք կտեսնենք, որ ինչ-որ իմաստով կան յուրահատուկ դրական արդյունքներ, ուրեմն պետք է հասկանանք, որ ամեն ինչ լավ է անցել։ Այսօր պետք է լցվենք համբերությամբ ու մաղթենք, որ ամեն ինչ լավ լինի»,-ասաց քաղաքագետը։
Նա հիշեցրեց, մինչ հանդիպումը ձևավորված էր մի մթնոլորտ, որտեղ երկու կողմն էլ ուներ գուցե անվստահություն, կամ անհասկացողություն, շատ մարդիկ տարբեր վերլուծություններով նույնիսկ փորձել են սրել իրավիճակը։
«Մենք ունենք թշնամիներ, որոնք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի խանգարեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, բայց այս ամենը մի կողմ դնելով ու գիտակցելով, որ այս աշխարհում ենք ապրում, եկեք լցվենք վստահությամբ, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում կգտնվեն այն բոլոր լուծումները, որոնք անհրաժեշտ են, որ Հայաստանն իր խնդիրներն առաջ տանի, Ռուսաստանը բնականաբար միշտ այսպես թե այնպես իր շահերով է առաջնորդվում։ Իսկ մենք պետք է սովորենք մեր շահերն առաջ տանել ճիշտ ուղղություններով և մեզ համար առանց որևէ մեծագույն խոչընդոտներ ձևավորելով»,-ասաց Թ. Պողոսյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը ՌԴ նախագահի հետ առանձնազրույցի ավարտից հետո հայտարարեց՝ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են
- Փաշինյան. Հուսով եմ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա
- Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
- Փաշինյան-Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան