Վալերի Լեոնտևին արգելել են դուրս գալ բեմ
«Նոր ալիք-2018» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար Սոչի մեկնած ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտևը հայտարարել է, որ հիվանդության պատճառով բեմ դուրս չի գալու։ ՆՏՎ-ն գրում է, որ երգչի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Լեոնտևը սոցիալական ցանցում գրել է, որ իր ելույթը Սոչիում չեղյալ է հայտարարվում։
Նա գրել է, որ չի կարող մասնակցել «Նոր ալիքի» սեպտեմբերի 7-ի, նաև այսօրվա համերգներին, քանի որ բժիշկներն ախտորոշել են թոքաբորբ ու կտրականապես արգելել են ելույթ ունենալ։
«Հույս ունեմ, որ մինչև փակումը ես ոտքի կկանգնեմ»,- գրառման մեջ նշել է երգիչը։
Այս տարվա հունիսին Տուլայում համերգից առաջ՝ փորձի ժամանակ, 69-ամյա Վալերի Լեոնտևի ինքնազգացողությունը վատացել էր, կտրուկ բարձրացել էր ճնշումը։ Օգնականները շտապ օգնություն էին կանչել։ Բժիշկները խորհուրդ էին տվել հետաձգել համերգը, քանի որ ծանրաբեռնվածությունը կարող էր հանգեցնել ինսուլտի կամ սրտի կաթվածի։
Նշենք, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթը մեկնարկել էր սեպտեմբերի 4-ին, փակումը սեպտեմբերի 9-ին է։
Հարակից հրապարակումներ`
- «Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի
- «Նոր ալիք-2018»- ում Գևորգ Հարությունյանն արժանացել է առավելագույն միավորի