Փաշինյան. Հուսով եմ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը յուրահատուկ է որակել ոչ միայն երկրների, այլև իրենց միջև առկա հարաբերությունները։
«Իհարկե, ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, սա վերջին չորս ամսվա ընացքում երրորդն է։ Կարծում եմ, որ նման պարբերականությունն ընդգծում է մեր երկրների միջև եղած հատուկ հարաբերությունները։ Թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը»,-ՌԴ նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում չլուծվող հարցեր չկան, պետք է օգտագործել հարաբերությունների զարգացման ողջ ներուժը։
«Սակայն դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում հարցեր չկան, Աստված հեռու պահի այն իրավիճակներից, երբ հարաբերություններում հարցեր չկան, որովհետև դա կնշանակի, որ ընդհանրապես հարաբերություն չկա։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չլուծվող հարցեր չկան, բայց մենք այսօր քննարկելու ենք հարցերի շատ լայն շրջանակ»,-ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ հարցերը կլուծվեն, և կողմերը կհենվեն դաշնակցային հարաբերությունների, երկու երկրների շահերի, մեր երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
- Փաշինյան-Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան