Վարչապետի տիկինը ներկայացրել է, թե ինչ գնումներ է կատարել Փարիզում
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է այն իրերը, որոնք գնել է Փարիզում։ Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուր հրապարակվեց, ըստ որի. Վարչապետի տիկինը մինչև ատամները զինված թիկնապահների ուղեկցությամբ «շոփինգ» է արել Փարիզում»։
Ի պատասխան Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու մանրամասնել.
«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում:
Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը ։ Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին և նկարում պատկերված մնացածը՝ Արփիին։
Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը։
Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ):
Սիրում եմ բոլորիդ»։