Վարկերի ու ավանդների տոկոսադրույքներն էապես նվազել են վերջին տարիներին. Մարտին Գալստյան
«Վերջին տարիներին առկա տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ թե վարկերի, թե ավանդների տոկոսադրույքներն էապես նվազել են: Բացի այդ՝ բանկերի կողմից շահույթ ստանալու եկամտաբերությունը ևս նվազել է»,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ հարցին։
Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ֆինանսավարկավորման շուկայում այսօր կան միջնորդ կազմակերպություններ, որոնք, ինչպես ծովահեններ, քաղաքացիներին որսում են, երբ այս կամ այն բանկը մերժում է քաղաքացուն, և նույն բանկից իրենք վարկ են վերցնում ու 30 տոկոս վարկավորմամբ միջնորդված տրամադրում:
Աղազարյանը հարցրեց՝ այդ կազմակերպությունները լիցենզավորվա՞ծ են, թե՞ ոչ:
«Եթե լիցենզավորված չեն՝ բացասական եմ վերաբերում: Եթե օրինականության դաշտից դուրս է գործում՝ դրանցով օրինականություն հաստատող մարմինը պետք է զբաղվի»,-ասաց նա: