Տոնոյան. Անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու համար
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար:
Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ: Ամփոփելով գիտական կոնֆերանսը՝ զինվորականներն ու գիտնականները նշել են, որ նման ձևաչափով քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել շատ խնդիրներ, տալ լուծման առաջարկներ և իրականացնել ավելի հիմնավորված բարեփոխումներ:
Կոնֆերանսին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ: