Բազմաթիվ ուղղություններով դեռ ունենք չօգտագործված ներուժ. Մամուկա Բախտաձե
«Անկախության վերականգնումից հետո համատեղ քայլերի շնորհիվ հաջողվել է հաստատել փոխշահավետ համգործակցություն: Հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կխորանան»,- այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ըստ Վրաստանի վարչապետի՝ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, տրանսպորտին, էներգետիկային, զբոսաշրջությանը, կրթությանը, մշակույթին վերաբերող հարցեր, ընդգծել են ինտենսիվ քաղաքական հարաբերություններին ձգտումը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում արձանագրել են, որ բազմաթիվ ուղղություններով դեռ ունեն չօգտագործված ներուժ:
Մամուկա Բախտաձեն հայտնեց, որ աշնան վերջին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկեն տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ծրագրեր:
Վարչապետը նաև ասաց, որ Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ակտիվացումը:
Վերջում Մամուկա Բախտաձեն ասաց, որ Հայաստանի վարչապետի հետ պայմանավորվել են պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան: «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում գործընկերոջս և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»,- նշեց նա: