Սիրիայի վարչապետն այցելել է Հայաստանի տաղավար
Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել է Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։
Բիզնես Արմենիայի Հանրային կապերի թիմի փոխանցմամբ, սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։
Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է բարեկամ Հայաստանի մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ էքսպոն նոր խթան կլինի հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խորացման համար։ Դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մեր երկրի արտադրողները պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության համար։
Հայաստանը պարգևատրվել է մասնակցության համար։ Պարգևը դեսպան Արշակ Փոլադյանին է հանձնել Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Սամեր ալ-Խալիլը։
Հայկական տաղավարը դիստրիբյուտորների և խոշոր գնորդ-այցելուների ուշադրության կենտրոնում է, որոնք հիմնականում հետաքրքրված են սննդամթերքով, շինանյութերով, վերականգնվող էներգիտայի բնագավառում հայաստանյան ընկերությունների առաջարկներով։
«Հաշվի առնելով էներգետիկ արևային համակարգերի նկատմամբ մեծ հետաքրքությունը, սեպտեմբերի 12-ին հայկական տաղավարում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը կներկայացնի արտադրանքը, հզորությունները, մրցունակությունը, արտահանման ներուժը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 1700 ընկերություն՝ 48 երկրից։