Ամեն ինչ դեռ առջևում է. Վարդան Մինասյան
Նախօրեին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացել է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Մակեդոնիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսելով խաղի մասին, ասել է. «Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին»:
Հարցին, թե արդյո՞ք ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ դժվարությամբ հաղթեցիք Լիխտենշտեյնին և այստեղ էլ չկարողացաք հաղթել, Վ. Մինասյանը պատասխանել է. «Ես երեկ ասեցի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել: Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջևում է»:
Նա նշել է, որ թիմային խաղը լավ մակարդակի վրա է. «Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիային: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը»:
Հարցին, թե ճի՞շտ որոշում էր՝ թողնել Մարկոս Պիզելիին և Արաս Օզբիլիսին պահեստայինների նստարանին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասաց. «Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, իրենց պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան