Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին. Փաշինյան
«Էրեբունի» թանգարանի հարակից տարածում մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը։
Դաշինքի քարոզարշավին ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընտրություններում խնդիրը բոլորովին էլ այն չէ, թե Հայկ Մարությանն ընտրվելու է Երևանի քաղաքապետ, թե ոչ։ Խնդիրն այն է, որ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են վերահաստատել ժողովրդի իշխանությունը, պետք է գնան և ընտրական տեղամասերում քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի և Հայկ մարությանի օգտին», -ասաց Փաշինյանը։
Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչու են հատկապես Հայկ Մարությանին ներկայացնել որպես քաղաքապետի թեկնածու. «Նրա թեկնածությունն իմ համոզմամբ ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որն այսօր դրված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթարշավի հենքում։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը։ Մարդիկ այլևս հաջողության են հասնում իրենց տաղանդի, աշխատանքի, քրտնաջանության արդյունքում։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն ժամանակներում, երբ որ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր հետագա կյանքի ճանապարհը, նա ոչ թե որոշեց գնալ ծանոթ-բարեկամ փնտրելու, որ իրեն մի հատ յուղոտ պաշտոն տան, նա վերցրեց տեսախցիկն ու ինքն իր համար ստեղծեց աշխատանք՝ այդ ընթացքում չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորի կարիք։ Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին, այլ պետք է օր ու գիշեր աշխատել։ Գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն միայն արարող մարդիկ»։
Նրա խոսքով՝ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան