Վարչապետ. Եթե Ադրբեջանը ցանկանում է անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա պետք է հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ
«Երևի բոլորին հայտնի է, որ առանց Հայաստանի համաձայնության Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության որոշում չի կարող ընդունվել»,-«Կոմսերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է՝ բոլորին է հայտնի, թե ինչ հարաբերություններ են հիմա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Մենք ամեն օր Ադրբեջանից լսում ենք սպառնալիքներ ուղղված Հայաստանին։ Ես կարծում եմ, որ հենց դրանից էլ բխելու է Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է Փաշինյանը։
Հստակեցնող հարցին, այսինքն Հայաստանի պատասխանը «ոչ» է լինելու, կառավարության ղեկավարն արձագանքել է. «Ես արդեն պատասխանեցի այդ հարցին։ Ես կարծում եմ, եթե Ադրբեջանը ցանկանում է նման նպատակի հասնել, ապա նախ և առաջ պետք է սկսի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ներկայացրել էր նախարարության պաշտոնական դիրքորոշումը. «Եթե քննարկվի ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: 2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները