Եզակի արվեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին. Լարախաղաց
Օդի մեջ պիրկ ձգված պարանի վրա խաղալու արվեստը՝ լարախաղացությունը, որը դեռ միջնադարյան Հայաստանում էր հայտնի, այսօր կորում է։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ մշակութի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Հակոբյանը ահազանգեց. «Մեր եզակի արվեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին, հին ազգային ավանդույթը կորում է»։
Նա նշեց, որ ամսական 15-20 ելույթ պետք է կազմակերպվի քաղաքներում, գյուղերում, որպեսզի գոյատևի արվեստի այս տեսակը, տարածվի, նաև ցանկացողներ լինեն զբաղվել լարախաղացությամբ։
«Մշակույթի նախարարությունը քաղաքապետարանի հետ պետք է լիարժեք պայմաններ տա ազգային արվեստը ցանկացած տեղ ցուցադրելու համար»,- ասաց Վ. Հակոբյանը։
Նրա խոսքով, մշակույթի ոլորտում աշխատող անձնավորությունները միայն դիպլոմ ունեն, մշակույթի բոլոր ճյուղերից չեն հասկանում։
«Մեզ մոտ չի զարգանում լարախաղացությունը, որովհետև պայմաններից ելնելով՝ մարդիկ չեն կարող գնալ անվճար ելույթներ ունենալ։ Ֆինանսավորում չկա, կադրեր էլ չկան։ Սակայն եթե պետությունը խթանի, կզարգանա այս ժանրը։ Երբ կրկեսը բացվի, հնարավոր է գան ցանկացողներ, նրանց միջից գտնենք կադրեր, ովքեր կկարողանան զբաղվել լարախաղացությամբ։ Ես պատրաստ եմ նրանց սովորեցնել»,- ասաց Վ. Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ լարախաղացությունը պետք է ընդգրկվի պետական մշակութային ծրագրերում։
«Հարյուրավոր երգիչներ կան, պարի խմբեր, որոնց տեղ են տալիս, բայց լարախաղացությունն այսօր տեղ չունի, որովհետև չեն հասկանում, անուշադիր են»,- հավելեց ՀՀ մշակութի գործիչը։
Panorama.am-ը նաև հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ելույթ ունենում, մեկ ելույթի համար որքա՞ն են վճարում։ Նա ասաց, ու հրավերներ է ստանում Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, հիմնականում քաղաքների, ազգային տոներին, ծիսակատարություններին։ Իսկ վճարը կախված է հեռավորությունից։
«Ութ տարի էլ խաղալու եմ, որ դառնամ 80 տարեկան և աշխարհին ապացուցեմ, որ մեր հայոց երկրին ամեն ինչից առաջ կարևորում է արվեստը, մշակույթը։ Ափսոս մեր տաղանդները կորչում են հղփացած որոշ շրջապատի մեջ։ Բայց արվեստի, մշակույթի մարդկանց պետք է շատ գնահատել»,- նշեց Վ.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է խանգարում, որ լարախաղացությանը մշակույթի նախարարությունը ուշադրություն չի դարձնում. գրող-լարախաղաց
- Լարախաղաց-աճպարար. Հենց վերևից մի աղջկա եմ նայում, ինձ մի բան պատահում է
- Լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը հիասթափված չէ... «Լույս եմ տեսնում»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան