Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են աննախադեպ բարձր մակարդակի
Տավուշի մարզի Իջևան քաղաքում «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի արդյունքներին` նշելով, որ տեղյակ է, որ հանդիպմանը մասնակցող գործարարների մի զգալի մասը ՌԴ-ից է եկել:
«Շատ կարևոր և շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ: Ըստ այդմ` կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև Հայաստանի Հանրապետությունում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին` համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել. «Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը հույս է դնում ձեզ վրա: Մենք, իհարկե, պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում` նրանք, ովքեր արդեն իսկ գործունեություն են ծավալում և նրանք, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան:
Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք` հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք և ավելի հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով և հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»:
Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետև աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում, և Հայաստանում աշխատանքով շահույթ ստացող, աշխատող, արդյունք ստեղծող մարդն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բացառիկ հարգանքի»:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Մոսկվայում հնչած գլխավոր ուղերձը պատրաստակամությունն է
- Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են
- Փաշինյան. Հուսով եմ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա
- Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
- Փաշինյան-Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան