Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները
Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնին «Հռոմ» (Roma) ֆիլմի համար։ Դա Մեքսիկայի մայրաքաղաքի թաղամասերից մեկի անունն է, որտեղ 1960-ականներին տեղի են ունենում ֆիլմի գործողությունները։ Ֆիլմը, ռեժիսորի խոսքով, հիմնականում ինքնակենսագրական է և հիմնված է հեղինակի մանկական հիշողությունների վրա։
Եվրանյուզը գրում է, որ առաջին անգամ միջազգային կինոփառատոնի բարձրագույն մրցանակը ստացել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված էր ոչ թե կինոթատրոններով տարածման համար, այլ Netflix պլատֆորմի միջոցով:
Ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել բրիտանացի Օլիվիա Քոուլմանին. նա խաղացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսի «Ֆավորիտը» (The Favourite) պատմական դրամայում՝ մարմնավորելով անգլիական Աննա թագուհուն։ Լավագույն դերասան է դարձել ամերիկացի Ուիլեմ Դեֆոն ՝ «Վան Գոգ. Հավերժության շեմին» (At Eternity's Gate) ֆիլմում մարմնավորելով նկարչի կերպարը։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆրանսիացի Ժակ Օդիարը` «Սիսթերս եղբայրները» (The Sister Brothers) ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար մրցանակին են ստացել Քոհեն եղբայրները՝ «Բասթեր Սքրագսի բալլադը» ֆիլմի համար:
Գրան-պրին ստացել է հույն ռեժիսոր Յորգոս Լինտիմոսը՝ «Ֆավորիտը» ֆիլմի համար։
Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակը ստացել է ավստրալիացի ռեժիսոր Ջենիֆեր Քենթը «Սոխակ» ֆիլմի համար, Մարչելլո Մաստրոյանիի անվան մրցանակը՝ լավագույն դեբյուտի համար, ստացել է դերասան Բայկալի Գանամբարը «Սոխակ» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Նշենք, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնն անցկացվել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը Լիդո կղզում։ Մրցութային հիմնական ծրագրում ներկայացված էր 21 ֆիլմ։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի կինոփառատոնի ժյուրին անհանգստություն է հայտնել ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագրի վերաբերյալ
- Վենետիկի կինոփառատոնի ցուցադրության ժամանակ էլեկտրականությունն անջատվել է
- Մեկնարկում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը
- Լեդի Գագայի կինոդեբյուտը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում