Լոլիկի թանկացման պատճառների ու հետևանքների մասին ահազանգում է Դավիթ Պիպոյանը
Երևանյան խանութում մեկ կգ լոլիկի գինը 450-800 դրամ է, ավելի թանկ էլ, հնարավոր է, գտնենք։ Ավելի էժան պոմիդոր կա մայրաքաղաքի փողոցներում, 250 դրամով կարելի է սալորից մի քիչ մեծ լոլիկ գնել։
Panorama.am-ն այսօր շրջայց է կատարել մի քանի խանութներում. «Երևան սիթի»-ում մեկ կգ-ն 525 դրամ էր, «Նուռ»-ում՝ 800 դրամ, «Ելակ»-ում՝ 790, «Քարֆուր»-ում երեկ ակցիայով վաճառվել է 699 դրամով։
Դժվար չէ կռահել, մի քանի օր էլ բարձր գինը կպահպանվի, ապա օգնության կհասնի թուրքական կամ վրացական լոլիկը, ինչպես ձմերուկի պարագայում եղավ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժգոհ են թե սպառողը, թե արտադրողը։
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի՝ Երևանում անցկացրած հետազոտության ադյունքում պարզվել է, որ երևանցիների 95 տոկոսն ամեն օր օգտագործում է պոմիդոր, նրանցից շատերն օրական օգտագործում են 380 գրամից ավելի շատ։ Նման գնի պարագայում սպառման ծավալները կնվազեն։
Ո՞րն է նման իրավիճակի պատճառը, ինչպիսի՞ հետևանքների այն կհանգեցնի։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Նա համարում է, որ ստեղծված իրավիճակը ապաշնորհ կառավարման արդյունք է, իսկ որ ամենավատն է, ըստ մեր զրուցակցի, գյուղատնտեսության նախարարության ներկայի գործելաոճը չի տարբերվում նախկիններից։
«Խնդիրը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ առումով։ Այն համակարգը, որ մենք ենք ունեցել, երբ պետության ձեռքերը ծալած է պահում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք։ Եթե մենք այսօր խնդիրներին առարկայական լուծում չտանք, ապա վաղը նույն խնդիրները կշարունակվեն»,-ասաց զրուցակիցը։
Տարբեր երկրների փորձն ուսումնասիրած գիտնականը վկայում է, միջազգային պրակտիկայում պետությունը մասնակցում է ագրոպարենային ապրանքների գների կարգավորմանը։ Այն երկու նպատակ ունի՝ մի կողմից գյուղատնտեսին ապահովել եկամուտ ու կյանքի ռիթմ, մյուս կողմից ապահովել իրատեսական գին գյուղատնտեսական ապրանքի վրա։
«Այսինքն մի նժարին դրած է գյուղացին, որը պարտադիր եկամուտ պետք է ունենա, եթե չունենա հողը չի մշակի, որը նպաստելու է, որ ավելի շատ հողեր անմշակ լինեն, իսկ դա գյուղատնտեսության չարիքն է, մյուս նժարին էլ սպառողը, որն իրատեսական գնով պետք է ձեռք բերի ապրանքը»,-մանրամասնեց Պիպոյանը։
Հարևան երկրներից գյուղմթերքի ներկրմամբ գնի իջեցումը խնդրի լուծման մեխանիզմ չէ։ Պետք է խնդիրը հասկանալ խորապես ու լուծում տալ, հակառակ դեպքում ոլորտային խնդիրները կշատանան, դժգոհների թիվը՝ նույնպես։ Այս պարագայում պետությունը պետք է հասկանար, թե որն է Հայաստանում արտադրված լոլիկի արժեքն ու իրատեսական գինը։
«Հենց այս պահին Իտալիայի թվերն են իմ առջև։ Այստեղ գյուղատնտեսները բողոքում են, որ պետական միջամտության արդյունքում լոլիկի գինն այնքան է նվազել, որ արտադրողներին ձեռնտու չէ։ Այստեղ մեկ տոննա լոլիկի համար առաջարկում են 87 եվրո՝ դրամային արտահայտությամբ 50 դրամից ցածր թիվ է անում մեկ կգ-ի համար։ Բողոքողները նշում են, որ իրենց վրա ինքնարժեքը 93 եվրո է, մթերումը՝ 87։ Իտալիայում կան հստակ հաշվարկներ, հիմա եթե ինչ-ինչ պայմանների ազդեցությամբ ցածր գնով է մթերվում, պետությունը փոխհատուցում է գյուղացուն, որպեսզի նա հաջորդ տարի էլ գյուղատնտեսությամբ զբաղվի։ Հիմա Հայաստանում պետք է հասկանալ, թե որն է իրատեսական գինը, ինչո՞ւ թանկացավ։ Հնարավոր է մանիպուլյացիա է»,-բացատրեց պարենային իրավունքի մասնագետը։
Հենց մանիպուլյացիաները բացառելու, օբյեկտիվ պատկեր ունենալու համար է, որ տարբեր երկրներում գների վերահսկողությանը, հաշվարկմանը մասնակցում են տարբեր կողմեր՝ արտադրող, վերամշակող, սպառողի շահերի պաշտպան, պետություն։ Հենց այս ձևաչափով քննարկման արդյունքում կոնսենսուով ընդունվում է այնպիսի բանաձև, որ բավարարում է բոլորին։
«Մեր տխրահռչակ նախարարներից մեկը, որ հայտարարում էր, եթե ուզում են գյուղատնտեսությունը զարգանա, քաղաքացին պետք է պատրաստ լինի ավելի բարձր գին վճարել, փաստում է այն մասին, որ նա ոլորտից ընդհանրապես չի հասկանում։ Ձմերուկի օրինակն էլ եկավ դա ապացուցելու։ Այս ոլորտը պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Այն, ինչ իրենց ուղեղում կա, երկրի գյուղատնտեսությունը վերջնականապես կազմաքանդելու է։ Հիմա բողոքում է և գյուղացին, և սպառողը, մինչդեռ պարենային ապահովությունը պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարության անքակտելի մասը»,-ասաց նա։
Հայաստանում քաղաքացիներն աշխատավարձի մեծ մասը տրամադրում են սննդամթերքին, ձմռան ամիսներին՝ կոմունալ ծախսերին։ Այս պարագայում, ըստ Պիպոյանի, հստակ պիտի հաշվարկվեն այն գործոնները, որոնք ազդել են գնի վրա։ Օրինակ, եթե կարկուտն է եղել, դա նշանակում է որ հակակարկտային քաղաքականությունը պետք է փոխվի ու անցում կատարվի հակակարկտային ցանցերին։ Հիմա ամբողջ աշխարհում գյուղատնտեսության խնդիրները կապվում են կլիմայի փոփոխությունների հետ, գյուղատնտեսությունն ադապտացվում է դրանց, այդպես պետք է արվի նաև Հայաստանում, որպեսզի առարկայական լուծումներ տրվեն։
«Այս տարի ջերմային բարձր ֆոն կար, բայց ի տարբերություն նախորդ տարվա, տեղումներ եղան, բոլորն ասում էին, որ ջրամբարներում ջրի խնդիր չեղավ։ Հիմա եթե պատճառը շոգն է, ապա կան կարկտապաշտպան ցանցեր, որոնք նաև ստվեր են ապահովում։ Պետությունը կարող է օրինակ, սուբսիդավորել այն ձեռք բերելու համար։ Պետք է պետության ուղղորդած ռեսուրսը բերի նրան, որ հաջորդ տարի գյուղատնտեսը եկամուտ ունենա, իսկ սպառողն էլ չտուժի»,-ընդգծեց նա։
Կենտրոնի ղեկավարը հիշեցնում է՝ գյուղատնտեսության նախարարության անելիքն ագրարային քաղաքականության մշակումն է, հակառակ դեպքում գյուղացիներն ու սպառողները անընդհատ կբողոքեն թե կաթի, թե մսի, թե բանջարեղենի գնից։
«Այն, ինչի մասին ահազանգում էինք տարիներ շարունակ, այսօր տեղի ունեցավ»,-նկատեց նա։
Թե ինչ հետևանքների կհանգեցնի բանջարեղենի, մրգի թանկացումը Պիպոյանը ահազանգում է որպես սննդագետ՝ մարդիկ սկսելու են ավելի շատ ալրային հենքով մթերքներ ուտել՝ մակարոն, կարտոֆիլ, հաց։
«Մարդիկ այս գներով պահածո չեն փակելու, դրա ազդեցությունը կերևա նաև ձմռան ամիսներին։ Մասնավորապես խոցելի խմբերը պաշար չեն կարողանա կուտակել, ինչի հետևանքով օգտագործելու են հատիկեղեն, մակարոն՝ զրկված լինելով վիտամիներով հարուստ սննդից, դրա մեջ եղած թաղանթանյութից։ Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալներով, մարդկանց մի ահռելի տոկոս օրական կալորիաների 75 տոկոսը և ավելին ստանում է աշխաջրածիններից, այսինքն՝ էդ մարդիկ միայն մակարոն ու կարտոֆիլ են ուտում, և սա գրանցված է պաշտոնապես։ Նրանք ձմռանը նստելու են մակարոնի, հացաբուլկեղենի, հացի, փլավեղենի ու հատիկների վրա»,-ահազանգում է մասնագետը։
Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Panorama.am-ը ստացավ նաև գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը։ Այն կներկայացնենք քիչ անց։
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով կարմիր մսի սպառումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
- Սննդամթերքի շուկայում արձանագրված թանկացումները ապշեցնում են. «Ժողովուրդ»
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին