Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները. Մնացականյան
Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ կապերի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ: Երկկողմ կապերի հետագա խորացման նպատակով առանձնակի ընդգծվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը հանձնառու է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա բարեփոխումների գործընթացի շարունակմանը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին: Նախարարը հավելել է, որ այս ամենը կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները էլ ավելի ընդլայնելուն:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները: Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային մանդատ վայելող ձևաչափերի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյանը և Բախտաձեն կարևորել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացումը
- Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են պատմության մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային. ՀՀ նախագահ
- «Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը
- Վստահ եմ` վարչապետը ցորենի ներմուծման հարցը կներկայացնի Վրաստանի վարչապետին. գյուղնախարար
- Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Երևան