Քրօրը հումանիզացիայի առումով հետ ու առաջ է քայլում
Այսօր առաջարկվում է նախնական կալանքը հաշվել որպես 1 օրը 1,5 օր:
Հիշեցնենք, որ 1961 թվականին ընդունված Հայաստանի քրեական օրենսգրքով ընդունված էր՝ 1 օրը 1 օրվա դիմաց։
Բայց 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց»:
Ինչպես է, որ 2003-ին ընդունված 1- 1,5-ը նորից է շրջանառության մեջ դրվում: Երբ է այն դարձել 1-1 և ինչու՝ չէ՞ որ քրեական օրենքի փոփոխությունները ընդունված է տանել դեպի մարդասիրություն (օրենքի հումանիզացիա):
Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց փաստաբան Նորայր Նորիկյանից։
«Այսօր այդ գործիքակազմը հանված է։ Երբ 2003-ին նոր էր ընդունվել Քրեական օրենսգիրքը, եթե չեմ սխալվում, նախնական կալանքի մեկ օրը հավասարեցված է եղել պատժի կրման 1,5 օրվա ժամանակահատվածի հետ։ Քրեական օրենսգիրքն անընդհատ փոփոխվող փաստաթուղթ է, ժամանակի ընթացքում այդ դրույթը հանվել է, այդ առավելությունը վերացել է»,- պարզաբանեց նա։
Ն. Նորիկյանը տեղին է համարում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի առաջարկությունը՝ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Է.Մարուքյանը սեպտեմբերի 7-ից շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորի խոսքով, նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։
«Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկված ծրագիրը բավականին ակտուալ և ուշադրության արժանի տեսակետ է։ Կարծում եմ նաև, որ վաղ թե ուշ մենք գալու ենք այդպիս փոփոխության, որովհետև և հիմնավորմումները, և տրամաբանությունը նախնական կալանքի տակ մնացած անձանց իրավունքի պաշտպանության տեսակետից, արդարացած է»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է մանրամասն մասնագիտական վերլուծության ենթարկվի, վիճակագրական տվյալները, միջազգային փորձը, ուսումնասիրությունը նույնպես պետք է դրվեն նշված փոփոխությունների հիմքում։
Ն. Նորիկյանը կողմ է այդպիսի փոփոխությանը, գտնում է, որ, ընդհանրապես, Հայաստանում խափանման միջոցների մեջ կալանքը, որպես այդպիսին, դասվում է ամենածանր խափանման միջոցների թվում, հետևաբար այդ խափանման միջոցի նկատմամբ պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերվի։
«Որքանո՞վ ճիշտ կլինի խնդիրը միայն այս համատեքստում քննարկելը։ Վերջին տարիներին շրջանառության մեջ է դրված սկզբունքորեն նոր Քրեական օրենսգրքի ընդունման փիլիսոփայությունը, կամ այդպիս նախագիծ կա շրջանառության մեջ, բայց չգիտենք էլ երբ կընդունվի։ Ընդհանրապես, խափանման միջոցների ընտրությունն է ավելանում։ Նոր Քրեական օրենսգրքի շրջանակներում կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկվում է խափանման միջոցներից ամենածայրահեղը, ինչը ենթադրում է, որ նոր Քրեական օրենսգրքի ընդունումից հետո, կարծում եմ, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կարող է միայն կիրառվել կալանքը որպես խափանման միջոց։ Հետևաբար, այս առումով հարցին պետք է նայել ամբողջական տեսանկյունից, հարցը պետք է դիտարկել ընդհանուր քրեական քաղաքականության համատեքստում, և ոչ թե առանձին՝ մեկ խափանման միջոցի դեպքում»,- նշեց փաստաբանը։
Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջադիմական, կարևոր քայլ է, հումանիզմի դրսևորում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա