Ռուբեն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացությունը, երևի, այդքան էլ խորը չէ. ՊԵԿ նախագահ
«Պետք է ասեմ, որ պարոն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ պատկերացումները կամ իմացությունը, երևի, այդքան էլ խորը չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հորդորել էր խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: «Ձեր թիմին հորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցվելիս խոսել թվերի լեզվով, քանի որ դա ավելի հեշտ ու հասկանալի է: Պետք է բացատրել՝ որքան ներդրում է պետք անել, որքան կկազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կա, Վրաստանում՝ 6: Ի՞նչ եք պլանավորում անել, որպեսզի ՀՀ-ում էլ 6 հարկատեսակ լինի, թե՞ չեք պլանավորում»,- ասել էր գործարարը:
Դավիթ Անանյանը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգիրք են բերել բոլոր այն պարտադիր վճարները, որոնք նախկինում, օրինակ, կոչվել են պարտադիր վճար, տուրք, բայց հարկ չեն կոչվել։ «Քանի որ դրանք Հարկային օրենսգիրք ենք բերել, որպեսզի հարկային մարմինը վարչարարություն իրականացնի, դրանք արդեն կոչվում են ոչ թե վճարներ, այլ հարկեր»,- նշեց ՊԵԿ ղեկավար:
Նա միաժամանակ հայտնեց, որ Հայաստանում կա ոչ թե 18, այլ 5 հարկատեսակ՝ շահութահարկ, եկամտային հարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ, գույքահարկ: «Մնացածը ժամանակավոր ռեժիմներ են», - ասաց Դավիթ Անանյանը:
ՊեԿ նախագահը խորհուրդ տվեց հարկային օրենսդրությունները համադրելը թողնել պրոֆեսիոնալներին: Միաժամանակ Դավիթ Անանյանն ընդունեց, որ Վրաստանում հարկային օրենսդրությունն ավելի պարզեցված է, քան Հայաստանում: «Այո, Վրաստանում հարկային օրենսդրությունը շատ ավելի պարզ է, մենք երբեք չենք էլ ասել, որ այդպես չի: Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք: Երեք փուլերով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, մենք անելիքներ ունենք»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում