«Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը
«Այսօր շատ կարևոր խոսակցություն ուենցանք և բանակցությունների ընթացքում հետագա հարաբերությունների զարգացման բավականին «ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք»,- այս մասին այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդես եկած համատեղ հայտարարությունում։
«Իհարկե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին, և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական փոխգործակցության։
«Կարծում եմ, որ այս այցի արդյունքներով մենք նոր կխթան կհաղորդենք քաղաքական , հումանիտար և տնտեսական հարաբերություններին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Վրաստանի վարչապետի կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, ըստ որի՝ կոնկրետ խնդիր է ձևակերպվել, որ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, ատևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի։
«Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի առաջ կդրվի կոնկրետ խնդիր՝ ձևավորել առևտրատնտեսական, քաղաքական, հումանիտար, կրթական և մշակութային հարաբերությունները զարգացնելու ճանապարհային քարտեզ։
«Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ավելի ջերմ է դառնում ու կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս տեմպը պետք է անպայման շարունակել։