Ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի, և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:
Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար:
Երեկ երեկոյան վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»։
Սեպտեմբերի 9-ին, ցերեկը, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել: Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել։ Առայժմ հստակ չէ, թե ինչու է քաղաքացին նման քայլի դիմել։