Այս տարվա հունվար-օգոստոսին պետբյուջեի եկամուտներն աճել են 15.9%-ով
2018 թվականի հունվար-օգոստոսին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670.7 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 մլրդ դրամ կամ 15.9%։ Այդ թվում, հարկային մասով աճը կազմել է 100.7 մլրդ դրամ կամ 17.7%, իսկ մաքսային մասով՝ 20.1 մլրդ դրամ կամ 10.6%։
Համաձայն գործող օրենսդրության, հավաքագրված գումարներից հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում արտահանում իրականացրած հարկ վճարողների ԱԱՀ-ի վերադարձները։
Այսպիսով, ըստ ՊԵԿ ղեկավարի, այս տարվա հունվար-օգոստոսին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 67.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 41.1 մլրդ դրամի փոխարեն կամ 26.1 մլրդ դրամով ավելի։ Այս պարագայում 2018 հունվար-օգոստոսին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 մլրդ դրամ, որը 78 մլրդ դրամով կամ 10.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Ընդ որում, ինչպես նշեց Դավիթ Անանյանը, ամենաբարձ ցուցանիշն ապահովվել է հուլիս ամսին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 15.3 մլրդ դրամով կամ 16.7 տոկոսով։
Ինչ վերաբերում է գերավճարներին, ապա 2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով։
Դավիթ Անանյանն ասաց, որ հունիսից սկսած գերավճարների դինամիկան ունի շարունակաբար նվազելու միտում։ Այսպես, 2018 թ-ի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ դրամով, հուլիսի 1-ին՝ նախորդ տարվա համեմատ՝ 47.9 մլրդ դրամով, օգոստոսի 1-ին՝ 53.3 մլրդ դրամով։